Օգոստոսի 30–ին ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ։ Այդ մասին հայտնել է Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, տեղեկացնում է Արմենպրեսը։
Նշվում է, որ կանոնակարգը ստորագրվել է բնօրինակ փաստաթղթերը դիվանագիտական խողովակներով փոխանակելու միջոցով։
«Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ, ըստ էության, կանխապես բացահայտվել է փաստաթղթի առանցքային քաղաքական բովանդակությունը։ Փաստաթղթի ավելի ուշ հրապարակումը կապված է երկու երկրներում գործընթացները հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ»,–հայտնել են աշխատակազմից։
Աշխատակազմից պատասխանել են նաև այն հարցին, թե ինչո՞ւ չպահպանվեց պայմանավորվածությունը մինչև 2024թ. հուլիսի 1-ը Կանոնակարգի նախագիծը համաձայնեցնելու վերաբերյալ։
«Հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովները մի քանի անգամ արդեն փոխանակված են եղել Կանոնակարգի նախագծի աշխատանքային տարբերակներով և առաջարկներով, սակայն բանակցությունների համար փաստացի մի փոքր ավելի շատ ժամանակ պահանջվեց նախագիծը վերջնական համաձայնեցնելու և ստորագրելու համար:
Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Աշխատակազմից պատասխանել են նաև այն հարցին, թե արդյոք սահմանազատումը նույն սկզբունքով է շարունակվելու նաև սահմանի մնացյալ հատվածներում։
Ի պատասխան նշվել է, որ անձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմաթիի հռչակագրով և տվյալ հիմնարար սկզբունքը կամրագրեն նաև Կանոնակարգում։
Նշվել է նաև, որ փաստաթղթի վավերացման ընթացակարգի շրջանակներում այն ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար: ՍԴ դրական դիրքորոշման առկայության դեպքում այն արդեն կներկայացվի ԱԺ վավերացմանը:
Օգոստոսի 30–ին ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը սկսել են ներպետական ընթացակարգերի իրականացումը։
Նշվում է, որ 2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը: