ԿԽՄԿ պատվիրակության տվյալներով՝ առաջին հակամարտությունից` 1990–ականներից և 2020–2023 թթ. ռազմական գործողություններից հետո հայկական կողմից անհետ կորած է համարվում մոտ 1000 մարդ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նա նշել է, որ 90–ականներից ի վեր ԿԽՄԿ հայաստանյան և Լեռնային Ղարաբաղի գրասենյակներում գրանցվել է մոտ 700 անհետ կորած, իսկ 2020–2023 թթ. ռազմական գործողություններից հետո՝ մոտ 300: Նրանք այն ընտանիքներն են, որոնք դիմել են ԿԽՄԿ՝ իրենց հարազատներին գտնելու համար, հայտնում է Sputnik Արմենիան։
Ամատունին նշել է, որ հարազատներին գտնելու հայտերն ընդունվել են նաև 2020–2023 թթ. սրացումից հետո մի քանի տասնյակ ընտանիքներից, որոնք համաձայն չեն ԴՆԹ արդյունքների հետ. կազմակերպության համար կարևոր է հասկանալ, թե ինչու ընտանիքները չեն ընդունում այդ արդյունքները և աշխատանքներ տանել պատասխանատու կառույցների հետ, որպեսզի հնարավորինս կրճատեն նման ընտանիքների թիվը:
Անդրադառնալով այն հարցին, թե որոնողական աշխատանքների հետ կապված ԿԽՄԿ–ն բանակցո՞ւմ է արդյոք ադրբեջանական կողմի հետ՝ Ամատունին նշել է, որ կազմակերպությունը` որպես մարդասիրական ու չեզոք միջնորդ, այդ բանակցություններում դերակատարում չունի, սակայն երկխոսության միջոցով մշտապես փորձում է հարցը պահել իշխանությունների և պատկան մարմինների ուշադրության կենտրոնում:
Նրա խոսքով՝ երկու կողմի քաղաքական կամքը շատ կարևոր է, որպեսզի այս հարցում կարողանան արձանագրել որոշակի առաջընթաց։
Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ հարազատները պնդում են, որ իրենց որդիները կամ ամուսինները գերության մեջ են, և նրանք ունեն վիդեո–ապացույցներ, սակայն ադրբեջանական կողմը դա չի հաստատում, ապա Ամատունին ընդգծել է, որ ԿԽՄԿ–ն տեսակցում է միայն այն անձանց, որոնք գտնվում են անազատության մեջ, և որոնց անունները հստակ փոխանցվել են իրենց ու հաստատվել Ադբեջանի իշխանությունների կողմից: Ամատունին ընդգծել է, որ ԿԽՄԿ աշխատակիցների հերթական այցերի մասին առաջինը տեղեկանում են անազատության մեջ գտնվող անձանց ընտանիքները։
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17–ը հայտնվել են այնտեղ 2023թ–ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։