Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով ՀՀ սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին, ասել է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան ՀՀ նկատմամբ, բայց հայկական կողմը այդ հարցը չի բարձրացնում, քանի որ խաղաղության պայմանագրի մեջ դրույթ կա, որի համաձայն կողմերը չեն կարող հղում անել ներքին օրենքներին կամ կարգավորումներին՝ պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու համար։
«Ներկայիս Ադրբեջանը 1918–20 թթ. Ադրբեջանի իրավահաջորդն է, իսկ 1918–20 թթ. Ադրբեջանի հռչակագրում ասվում է, որ Հարավային և Արևելյան Անդրկովկասն Ադրբեջանի տարածքներ են, 1919 թ․․ Անտանտին ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել ՀՀ ներկայիս Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերի նկատմամբ, մասամբ նաև Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու, Շիրակի մարզերի նկատմամբ։
Ադրբեջանի թղթերում ձևակերպում կա, որ տարածքը 108 հազար քառակուսի կմ է, և Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանային հարցերը լուծելուց հետո կդառնա 141 հազար քառակուսի կմ։ Սա նշանակում է, որ այսօրվա Ադրբեջանն այս տրամաբանությամբ ևս 45-46 հազար քառակուսի կիլոմետրի նկատմամբ տարածքային հավակնություն ունի»,–ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ մնացածը պատմություն է, այն չի լինի ջնջել և անհրաժեշտ էլ չէ՝ պետք է նորը կերտել։
Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։