AM
2 September 2024 - 07:35 AMT

Սերժ Սարգսյան․ Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հղել ԱՀ անկախության օրվա առթիվ՝ նշելով, որ Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ:

Նա նշել է, որ ով համարում է հայկական Արցախի էջը փակված, անթաքույց սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը։

«Արցախը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին անկախ է հռչակվել այդ ժամանակ գործող բոլոր իրավական և միջազգային նորմերին համապատասխան: Դրանից երեսուներկու տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված, իր բնօրրանից ամենազազրելի մեթոդներով բռնի տեղահանված արցախահայությունն ունի արժանապատիվ պայմաններով վերադարձի իրավունք, և ստեղծված իրավիճակում նրա անքակտելի իրավունքների իրացման համար առկա են միջազգային մեխանիզմներ:

Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է՝ անտեսելով արցախահայության իրավունքն ու վերադարձի հնարավորությունը, անթաքույց սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը, անարգում հանուն Արցախի նահատակվածների հիշատակը, ազատ և անկախ ապրելու համար պայքարած, անասելի զրկանքներ կրած մեր ժողովրդի ճնշող մեծամասնության նվիրական գործը:

Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ:

Բավարար ջանքեր գործադրելու, հնարավոր բոլոր միջոցներով նպատակային աշխատանք իրականացնելու պարագայում կարող ենք հաջողության հասնել:

Աներկբա է, որ այս հարցում առաջին հերթին անհրաժեշտ է պետական մակարդակով և ազգային շահի պաշտպանության դիրքերից շահագրգիռ աշխատանք իրականացնել, որի համար կարևոր է այդպիսի գիտակցումով իշխանություն ունենալը:

Ցավոք, այսօրվա իշխանությունները բռնել են Արցախի հարցը մոռացության տալու ճանապարհը:

Ուրանում են:

Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ջատագով քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է անտարբեր մնա հայ ժողովրդի՝ հազարամյակներով իր բնօրրանում ապրած մի մեծ հատվածի հայրենազրկման ու բռնի տեղահանման հարցում»,–ասվում է ուղերձում։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։