AM
2 September 2024 - 07:37 AMT

Շահրամանյան. Պարտրաստ ենք բանակցել Արցախ վերադարձի շուրջ, ինչը հնարավոր է միջազգային երաշխիքներով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Եռաբլուրում, նշելով, որ սեպտեմբերի 2–ին նշվում է Արցախի Հանրապետության ստեղծման օրը, ասել է, որ արցախցիները պարտրաստ են բանակցել Արցախ վերադարձի հարցերի շուտափույթ լուծման շուրջ։

«Մենք պետք է պատրաստ լինենք և մեր վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով, արժանապատիվ, արդարացի և ամենակարևորը, մենք պետք է ապահով զգանք մեզ մեր հայրենիքում։ Եթե այդ չափանիշներն ապահովվեն, մենք պատրաստ ենք բանակցել այդ հարցերի շուտափույթ լուծման համար»,-հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահը, հայտնում է Panorama.am-ը։

Նա հիշեցրել է, որ 33 տարի առաջ այս օրը կայացվել է որոշում, որը հիմք է դրել Արցախի անկախ հանրապետության գոյությանը։

«Ցավոք սրտի, այսօր ունենք կորսված Արցախ։ Մենք այս օրը մշտապես նշում էինք որպես տոն, սակայն այսօր այն ավելի շուտ դառնության օր է, բայց մենք մեծ հույսեր ունենք, որ մեզ կհաջողվի և մենք կվերադառնանք մեր հայրենիք»,- հայտարարել է Շահրամանյանը։

Նա ընդգծել է, որ վերադարձի հարցը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է և այն լուծելու համար Արցախի Ազգային ժողովը ստեղծել է հանձնախումբ, որը ղեկավարում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Շահրամանյանը նշել է, որ պարբերաբար հանդիպում և քննարկում են հնարավոր վերադարձի հետ կապված հարցերը։

Շեշտելով, որ բազմաթիվ տարբերակներ և առաջարկներ կան՝ Շահրամանյանն ասել է, որ արցախցիները մեծ ցանկություն ունեն վերադառնալու իրենց հայրենիք, այն շենացնելու, և հայկական պահելու Արցախը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։