AM
2 September 2024 - 10:48 AMT

Սուրեն Պետրոսյան. Գնալու եմ Ոսկեպար՝ այնտեղի ժողովրդից ներողություն խնդրելու

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որն այցելել էր Արցախի ներկայացուցչություն, նշել է, որ առաջիկայում նախատեսում է գնալ Ոսկեպար՝ ներողություն խնդրելու ժողորդից, հայտնում է Panorama.am-ը։

«Հիշո՞ւմ եք, ապրիլի 13-ին պետք է հավաք տեղի ունենար։ Ժողովուրդն ասաց՝ Սրբազանը կապ չունի, մենք գնալու ենք 200 հոգով ճանապարհը փակենք։ Ասացին՝ Սրբազանի հետ գալու են դաշնակները, Քոչարյանի, Սարգսյանի կողմնակիցները։ Ես հատ-հատ մարդկանց ասել եմ, երաշխավորել եմ, որ սա չի դառնալու պառլամենտական ընդդիմության շարժում, հողերը պահելու խնդիր կա, դրանից հետո ընդվզումը տեղի չի ունեցել։ Ստացվում է, որ իմ կամքից անկախ, ես խաբել եմ մարդկանց, եղավ այն, ինչ եղավ, դարձավ «Դիմադրություն-2» շարժում»,-ասել է նա։

Նա նաև ասել է, որ այս իրականությունը, որ ունենք և այն, որ հիմա այս օրն Արցախում չենք նշում, բոլորը մի համակարգ է՝ իրար հետ փոխկապակցված, բոլորը մեկի համար սերտ հենարան, հայտնում է Aysor.am-ը։

«Հիմա դուք պատկերացնու՞մ եք, որ դուրս գաք այդ համակարգի դեմ, նաև այս գործընթացներում լինեք վերահսկողությունից դուրս, ինչ կանեին ձեզ հետ։ Նույնն էլ իմ պարագայում էր։ Այլ տարբերակ չկար։ Եթե մարդը ներդրված է լինում, ապա նա չպետք է թույլ տա ինչ-որ բան տեղի ունենա պիկի ժամանակ։ Եթե ես ներդրված էի, ապա ինչու՞ դա չարտահայտվեց մայիսի 9-ին՝ հանրահավաքի պիկին։ Հունիսի 12-ն անցավ, նո՞ր ես դրաձա ներդրված»,- ասել է Պետրոսյանը՝ խոսելով իր հասցեին հնչող քննադատությունների մասին։

Անդրադառնալով իր և պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարաբերույթուններին՝ Պետրոսյանը նշել է, որ երբեք Դանիելյանի մասին վատ բան չի ասել։

«Չարժե անգամ իրեն անդրադառնալ։ Գառնիկ Դանիելյանը եթե մի բան ասում է, ուրեմն դրա տակ պետք է հիմք ունենա։ Տղան իր բառի համար պետք է պատասխան տա։ Այն, ինչ ես լսել եմ, որ Գառնիկ Դանիելյանն ասել է, ասել է սուտ»,–նշել է նա։

Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ ոստիկանության և շարժման մասնակիցների միջև տեղի ունեցած բախումներից հետո Սուրեն Պետրոսյանի տեղն անհայտ էր։ Նա շուրջ 1 օր անց էր կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նրան առևանգել են, ԱԱԾ–ում է եղել և նրա հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ինչը անձամբ Պետրոսյանը հերքեց։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասել էր, որ շարժումը հարցեր ունի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին, որն առեղծվածային կերպով մոտ 1 օր անհետացել էր և ոչ ոք նրա մասին տեղեկություն չուներ։