ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ի պատասխան «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հայտարարությանը, ասել է, որ վերջինս նույն ՔՊ-ական գործելաոճով նախկինացավով է տառապում ու մեղադրում բոլորին:
«Այս ամբողջ ընթացքում միակ բանը, որ եղել է, դա այն է, որ այդ մարդը նույն ՔՊ-ական գործելաոճով պայքարել է, նախկինացավով է տառապում և մեղադրում է բոլորին, դա պարզ իրողություն չէ՞»,–ասել է Դանիելյանը, հայտնում է Aysor.am-ը։
Այն դիտարկմանը, թե ով նախկինների սխալից խոսում է՝ նիկոլակա՞ն է, Դանիելյանը պատասխանել է, որ ոչ թե սխալների մասին խոսելն է, այլ այդ մարդկանց քաղաքականությունից բացառելն է։
«Ի՞նչ է նշանակում նախկին։ Այս երկրում բոլորն իրավունք ունեն զբաղվեն քաղաքականությամբ և դու ո՞վ ես դառել, որ կանգնես ասես, թե ով պետք է զբաղվի»,-նշել է նա։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանն իր հերթին «զգուշացնում է» Սուրեն Պետրոսյանին՝ եթե ասելիք ունի՝ թող ասի։
«Սուրեն Պետրոսյանն ո՞վ է։ Եթե Սուրեն Պետրոսյանն ասելիք ունի՝ կգա ու կասի: Վերջին անգամ զգուշացնում եմ, ուղղակի, ձեր միջոցով, եթե ասելիք ունի՝ ուրեմն կգա ու կասի»,- լրագրողներին ասել է սրբազանը, հայտնում է Aysor.am-ը։
Այն դիտարկմանը, թե «նա ձեր մասին դրական է արտահայտվում», սրբազանն ասել է, թե ինքն էլ է դրական արտահայտվում։
Պետրոսյանը, անդրադառնալով իր և պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարաբերույթուններին, ասել էր, որ նա երբեք Դանիելյանի մասին վատ բան չի ասել։
«Չարժե անգամ իրեն անդրադառնալ։ Գառնիկ Դանիելյանը եթե մի բան ասում է, ուրեմն դրա տակ պետք է հիմք ունենա։ Տղան իր բառի համար պետք է պատասխան տա։ Այն, ինչ ես լսել եմ, որ Գառնիկ Դանիելյանն ասել է, ասել է սուտ»,–նշել է նա։