Վրաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Վերջինս ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան գործակցության զարգացումն ու իր լիակատար աջակցությունն է հայտնել այդ գործընթացին:
Պապիկյանը փոխադարձաբար կարևորել է պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացումը, փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնները:
Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների միջև պարբերական շփումների արդյունավետությունը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել են տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը:
Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։