AM
3 September 2024 - 07:24 AMT

Փաշինյանը Կիրանցում ասել է` գյուղում դպրոց գնալը երբևէ ավելի անվտանգ չի եղել, քան այսօր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2–ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է նաև Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոց: Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ Փաշինյանն ասել է, որ Կիրանցում դպրոց գնալն երբեք ավելի անվտանգ չի եղել, քան այսօր։

Կիրանցում կառուցվել է մոդուլային դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 737 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, այս պահին այնտեղ սովորում է 36 աշակերտ: Այն ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով:

«Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»,–ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ երբ ասում են, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, դա ինքնին պետք է նշանակի, որ ադրբեջանական Խեյրիմլի գյուղում էլ դպրոց գնալը նույնքան և նույնպես անվտանգ է:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն ինչ տեղի է ունեցել Կիրանցում՝ սահմանազատման գործընթացը, ահռելի հաջողություն է մեր պետության համար:

«Սա մեծ հաջողություն է, որովհետև երբ դու չգիտես որտեղ է սկսվում և ավարտվում քո պետությունը, հարց է առաջանում՝ դու պետություն ունե՞ս, թե՞ չունես: Մենք Հայաստանի անկախ, ինքնիշխան, սուվերեն, ուժեղ, խաղաղ պետության առաջին լրջագույն անկյունաքարը դրել ենք Կիրանցում», -ասել է վարչապետ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նորակառույց դպրոցը Կիրանցի վերածննդի ամենակարևոր խորհրդանիշն է, բայց նաև մեր ընկած բոլոր եղբայրների ամենախոսուն և ամենակարևոր հուշարձանն է:

Նիկոլ Փաշինյանը Կիրանցում ծանոթացել է նաև 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին:

Կիրանց գյուղի 100 տեղանոց նորակառույց դպրոցը գտնվում է թշնամու հետ սահմանից ընդամենը 40 մետր հեռավորության վրա։ Կան աշակերտներ, որոնք տեղափոխվել են հարակից գյուղի դպրոց, քանզի ծնողներն անվտանգ չեն համարում թշնամու նշանառության տակ գտնվող դպրոցում դասապրոցես կազմակերպելը։