AM
3 September 2024 - 08:22 AMT

Սևանի մակարդակը 2023-ի սեպտեմբերի սկզբի համեմատ բարձր է 21 սմ-ով

Սևանա լճի մակարդակն օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով և կազմել 1900.60 մ (01.09.24թ.), որը 2023-ի նույն ժամանակահատվածի մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2024-ի հունվարի 1-ի մակարդակից՝ 43 սմ-ով, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Նույն օրվա դրությամբ ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 111 միլիոն 944 խորանարդ մետր ջուր, իսկ այս տարվա ընթացքում, հունվարից մինչ սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում, Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 176 միլիոն 204 հազար խորանարդ մետր ջուր։

2024 թվականի օգոստոսի 2-ի համեմատ լճի մակարդակը նվազել է 6 սանտիմետրով։

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում սեպտեմբերի 3-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 20 աստիճան։