AM
3 September 2024 - 09:20 AMT

Երևանում ակցիաներ կանցկացվեն տրանսպորտի թանկացման դեմ

Երևանում տարատեսակ ակցիաներ կանցկացվեն տրանսպորտի թանկացման դեմ։ Ակցիաների մեկնարկի մասին հայտարարել է Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն՝ իրեն կցված շրջանակների հետ, 2025թ․ հունվարի 1-ից թանկացնելու է Երևանի քաղաքային տրանսպորտը՝ այն հասցնելով մեկ ուղևորափոխադրման համար մինչև 300 դրամի։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու է 100 դրամ, իսկ շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր։ Թոշակառուների և հաշմանդամների համար, ըստ «Մայր Հայաստանի» նախագծի, քաղաքային տրանսպորտը կլինի անվճար։

Մեր դիտարկումներով՝ քաղաքացիներից շատերը տեղյակ չեն թանկացումներից, ինչպես նաև քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծից։ Տեղեկատվական բացը լրացնելու համար նախատեսում ենք տարատեսակ միջոցառումներ՝ այդ թվում փողոցային ակցիաներ»,–ասվում է խմբակցության հայտարարության մեջ։

Իրազեկման առաջին ակցիան կմեկնարկի սեպտեմբերի 3-ին Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից (Կոմիտաս 64)։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ սեպտեմբերից, ինչպես նախապես էր հայտարարված։ Տրանսպորտի բոլոր միջոցներից օգտվելու համար քաղաքապետարանը երեք տարբերակ է մշակել՝ 8 հազար 800 դրամ կարժենա 30 օրվա փաթեթը, 23 հազար 600 դրամ՝ 90 օրվա փաթեթը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ, բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Բայց օրական տոմս ևս կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։ Քաղաքացիներն ասում են՝ 90 րոպեի ընթացքում անգամ 2-3 տեղափոխումով չեն կարող տեղավորվել՝ ժամանակը կսպառվի։

Մեկ ամսվա փաթեթը գնելու դեպքում գնալ-գալու համար ուղևորը կճարի 293 դրամ, այսինքն՝ մեկ ուղղությունը 146 դրամ կլինի նախկին 100–ի փոխարեն։