AM
3 September 2024 - 10:29 AMT

ՀՀ–ում վաղ ամուսնությունների թիվը նվազել է․ 2024–ին 16-ամյա 2 դեռահաս է երեխա ունեցել

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերին շրջանում վաղ ամուսնությունները Հայաստանում նվազել են և, դրանով պայմանավորված, երեխաների ծնունդները գրանցված ամուսնությունների շրջանակում նույնպես նվազել են, բայց խնդիրը դեռևս մտահոգիչ է։ Այդ մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։

«2007 թվականինի ծնված, այսինքն՝ 17 տարեկան երեխաների մոտ 23 ամուսնությունից 23 երեխա ունենք ծնված, և 56 ամուսնություն՝ 18 տարեկանների շրջանում։ Իսկ 16-ամյա 2 հոգի արդեն երեխա ունեն»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նիստում քննարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Դրանով առաջարկվում է Հայաստանում ամուսնության նվազագույն տարիք սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։

Նախագծի հեղինակ ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանն ասել է, որ ամուսնության տարիքայի շեմի բարձրացման արդյունքում պետք է բացառել վաղ ամուսնությունները։

Ռուստամ Բաքոյանը առաջարկում է ՀՀ Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարել և օրենսգրքի 50-րդ հոդվածում, որը վերաբերում է ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողների իրավունքներին «ամուսնության մեջ չգտնվող անչափահաս» բառերը փոխարինել «անչափահաս» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «ամուսնության մեջ գտնվող անչափահաս» կարգավիճակ այլևս չի լինելու:

Գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքային շեմը 18 է, բայց 16 և 17 տարեկանում էլ հնարավոր է ամուսնանալ, եթե կա ծնողների համաձայնությունը և ամուսնացողներից մեկն առնվազն 18 տարեկան է․ հիմա առաջարկվում է այդ բացառությունները հանել ու թույլ չտալ անչափահասներին ամուսնանալ: