AM
3 September 2024 - 12:48 AMT

Ոսկեպարի մոտակայքում 7 կով է պայթել ականի վրա

Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչներին պատկանող 7 կով է պայթել սահմանային ականապատ տարածքում։ Այդ մասին հայտնել է համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նա հավելել է, որ առաջին անգամ չէ, որ Ոսկեպարում նման դեպք է տեղի ունենում։

«Այսպես կոչված «եռանկյունու» տարածքում է եղել դեպքը։ Դա այն տարածքն է, որը գտնվում է հիմա մեր վերահսկողության տակ ու վարչապետն առաջարկում էր փոխանակել»,– ասել է նա։

Դեռ հայտնի չէ, թե որքան վնաս են կրել անասնապահները, բայց համայնքի ղեկավարը նշել է, որ հարցը շուտով կքննարկվի։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։