AM
3 September 2024 - 13:19 AMT

Առաջարկ. Մշակութային հաստատություններն ազգայինի փոխարեն պետական կոչել

Կառավարությունն առաջարկում է մշակութային հաստատություններն ազգայինի փոխարեն պետական կոչել։ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նիստում ներկայացվել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը խնդրահարույց է համարել առաջարկը։

Նախագծով առաջարկվում է «պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունեն համապետական նշանակություն: Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է համարվում, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարեւորության, պետության կողմից դրանց առանձնակի արժեւորման մասին:

Որոշ փոփոխություններ վերաբերում են Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին, «ինքնազբաղ արվեստագետ» եւ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը

Հանձնաժողովը հավանություն է տվել նախագծին և այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: