Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է 2020–ի նոյեմբերի 9-ից հետո իր պայքարը քաղաքական չի եղել։
«Ես ասել եմ, որ պետական ցանկացած սուբյեկտի նկատմամբ հարգանք ունեմ, իմ ասածի լոգիկան պարզ է։ Եթե պայմանական X սուբյեկտում անձը վատը լինի, նշանակում է՝ սուբյեկտը վա՞տն է։ Ես այդ մարդկանցից ոչ մի ավելի քայլ չեմ տեսել, իրենք իրենց գործառույթն են կատարում, ես էլ իմ իրավունքներն ունեմ ու դրանք եմ պաշտպանում»,- ասել է նա, գրում է Factor.am-ը։
Օրեր առաջ Գորիսի քաղաքապետը հայտարարել էր, թե իր հետ կատարվողը քաղաքական հետապնդում չէ, և որ ինքը մեծագույն հարգանք ունի պետական կառույցների նկատմամբ։ Այն դիտարկմանը, թե իր այդ խոսքերի համար իրեն քննադատում են, այդ թվում՝ նաև իր նախկին ընկերները, նա արձագանքել է՝ նշելով, որ նախկին, ներկա ընկերներ չունի, ունի գաղափարական ընկերներ։
«Քննադատող մարդիկ իրականությունը քաղաքական համատեքստում են դիտակում։ Վերջին շրջանում շատ ակտուալ է, որ մարդիկ կարծիք են արտահայտում և դրա համար պատասխանատվություն չեն կրում։ Բազմոցին նստել և գրառումներ անելը ամենահեշտ գործն է։ Մարդիկ ասում են այն, ինչ իրենք են ուզում ասել, բայց հենց իրենց սուբյեկտիվ դաշտից դուրս գան, իրականությունը կտեսնեն»,- ասել է Առուշանյանը։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը օգոստոսի 21-ին հրավիրվել էր ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայություն, վերցվել հաշվառման։ Նրան ներկայացրել էին դատական ակտ, ըստ որի նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի 1.5 տարի փորձաշրջան, ինչպես նաև 5 տարի պաշտոնավարման արգելք է սահմանվել։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Առուշանյանը ենթակա է կալանավորման, ասել էր, որ Պրոբացիայի ծառայության որոշման համաձայն՝ «պարոն Առուշանյանը չի կարող լինել քաղաքապետ՝ կամ հրաժարական կտա, կամ ավագանին պետք է անվստահություն հայտնի»։