AM
6 September 2024 - 07:14 AMT

Քոչարյան․ 44-օրյայի հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է և կներկայացվի ԱԺ դռնփակ նիստում

Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքը և որ եզրակացությունը պատրաստ է։ Նա այդ մասին ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում։

Նա տեղեկացրել է, որ մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը նախատեսվում է ներկայացնել հոկտեմբերին կայանալիք դռնփակ նիստում։ Նա նշել է, որ քանի որ զեկույցում կան գաղտնի տեղեկություններ, հանրությանը հասանելի կլինեն միայն որոշ հատվածներ։

Պատգամավորը շեշտել է, որ «պարտության պատճառները բազմաբնույթ են ու բազմաշերտ, պատճառների մասով լուրջ քննություն է իրականացվել»։

44-օրյա պատերազմը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայով և ավարտվել նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի եռակողմ հայտարարությամբ։ Պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետությանը ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանը, Ադրբեջանին՝ Թուրքիան և մի շարք այլ երկրներ։ Ըստ դրա՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը՝ նախկին ԽՍՀՄ կազմում գտնված ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի, Ասկերանի և Մարտունու շրջանի որոշ գյուղեր։ Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, որոնք պետք է ապահովեին Բերձորի միջանցքի անխափան գործունեությունը։