ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ ԻԻՀ-ն վստահեցնում է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ։
«Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, այդ թվում` այսպես կոչված «միջանցքի», իրականություն չեն դառնա»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
ՀՀ–ում Իրանի դեսպանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և անկախությանը, ու հավելել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը իրենց համար «կարմիր գիծ» է։
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի բացմանը։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հարևան երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար։
Սեպտեմբերի 3–ին Իրանի ԱԳՆ Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն հանդիպել է ՌԴ դեսպանի հետ։ Ըստ հաղորդագրության՝ իրանցի պաշտոնյան վերահաստատել է, որ Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին, ընդգծվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։