ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի իմաստը պետք է վերանայել։ Սիմոնյանի խոսքով` այդ շենքը չպետք է հավաքների համար ծառայի։
«Ես այդպես եմ համարում»,–ասել է Սիմոնյանը չհստակեցնելով արդյոք այդ ուղղությամբ որևէ քայլ են ձեռնարկելու, թե ոչ, հայտնում է Sputnik Արմենիան։
Արցախի ներկայացուցչության մոտ արցախցիները պարբերաբար ակցիաներ են իրականացնում և բարձրացնում իրենց խնդիրները։ Վերջին անգամ Արցախի ներկայացուցչության մոտ լուրջ միջադեպ եղավ, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրեցին ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ միավորման գոյություն վերաբերյալ հարցերին՝ Սիմոնյանը նշել է, որ իրավական առումով Լեռնային Ղարաբաղ միավորում գոյություն չունի, կան ԼՂ-ից տեղահանված հայրենակիցներ, որոնց խնդիրներով ՀՀ կառավարությունը, Ալեն Սիմոնյանի գնահատմամբ, զբաղվում է գերազանց ձևով, հայտնում է Արմենպրեսը։
Սիմոնյանը վստահ է, որ գործող իշխանությունը Լեռնային Ղարաբաղի համար արել է այնքան, ինչքան չի արել ՀՀ որևիցե իշխանություն։
«Տեղի է ունեցել դավադիր պատերազմ, կազմակերպիչները և դրդողները բոլորին արդեն հայտնի են: Մեղադրել իշխանություններին, որը մինչև վերջ պայքարել է Արցախի համար, մինչև վերջ պատերազմ է մղել և արել է ամեն ինչ, տեղին չէ առնվազն 2021 թվականի ընտրություններից հետո, երբ Հայաստանի քաղաքացիները գնացին ու իրենց պատասխանն այդ հարցերին տվեցին: Հայաստանի քաղաքացիները դրա պատասխանը տվել են 2021 թվականին՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ տալով 54 տոկոս վստահության քվե»,-ասել է Սիմոնյանը:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։