ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսել է ԱՊՀ գագաթնաժողովին և BRICS-ի համաժողովին մասնակցելու Հայաստանի որոշման պատճառների մասին։ Նա նշել է, որ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու հիմքերից մեկը Ալմաթիի հռչակագիրն է, որով այսօր Հայաստանը իր բոլոր բանակցային ուղղություններով աշխատանք է տանում, հայտնում է «Փաստինֆոն»։
«Մենք չենք կարող մերժել մի ֆորմատ, որի հիմնական փաստաթուղթը մեր բակացային հիմնական խոսակցությունների մեջ որպես հիմք է դրված:
Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ին, այո, մասնակցելու որոշում է կայացվել, որովհետև տնտեսական առումով Հայաստանը կարևոր կապեր ունի և չեմ կարծում, որ մենք պետք է մեզ տարածաշրջանից դուրս դնենք: Դուք տեսնում եք, որ տարբեր երկրներ այս իրավիճակում, երբ տարբեր պատժամիջոցներ են գործում, տարբեր ճանապարհներ են փնտրվում գերտերությունների կողմից տնտեսական հոսքերը տեղափոխելու որևէ ձևով։ Հայաստանն, այո, իր շահերից ելնելով պետք է մասնակցի»,-ասել է Սիմոնյանը:
Նա վստահեցրել է, որ դա որևէ կերպ չի հակասում եվրաինտեգրմանը։
«ՀՀ-ն իշխանությունները, և ժողովուրդը միահունչ և նույն կարծիքին են, մենք չպետք է մի ծայրահեղությունից մյուսի մեջ ընկնենք: Մեր արժեքային համակարգն ու տրամաբանությունը չի փոխվել: Դա լինելու է ՀՀ-ի տնտեսության, իրավունքների, արժեքային համակարգին համահունչ ուղղություն»,–ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ որևէ մեկը չի կարող բացառել, որ ինչ-որ փուլում Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, քանի որ ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը մասնակցելու է BRICS-ի գագաթնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Այդ մասին ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը։ Հայտարարվել է նաև, որ ՀՀ–ն կմասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին։






