Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 3-ի։ Այդ մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ հաղորդվել էր մեկ անձի մահվան մասին, որի մոտ ախտորոշվել էր այդ հիվանդությունը:
«Երկու հիվանդներն էլ ունեցել են ուղեկցող մի շարք քրոնիկ հիվանդություններ։ Նրանք 80 տարեկանից բարձր են»,- նշել են նախարարությունից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արևմտյան Նեղոս տենդի 108 հիվանդացության դեպք է հաստատվել։ Նրա խոսքով՝ մոծակներն ամենաշատը Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում են։
Հիվանդության համար հատուկ պատվաստանյութ և հատուկ դեղամիջոց չկա։ Իրականացվում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի բարելավմանը: Դեպքերի 80 տոկոսում հիվանդությունը ընթանում է գրեթե առանց ախտանշանների: Ծանր դեպքերն ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում՝ մենինգիտի և էնցեֆալիտի երևույթներով և կազմում են մոտ 1 տոկոս։
Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են, որոնք վարակվում են թռչուններից: Հիվանդացության առավել մեծ ակտիվություն դիտվում է հուլիսից օգոստոս ժամանակահատվածում: