Երևանի ավագանին սեպտեմբերի 10–ի նիստում զրկել է մանդատից ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին: Գործընթացը նախաձեռնել էր Մարատ Թոխյանը «Քաղաքացիական պայմանագրից», հայտնում է «Ազատությունը»։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Գրիգորի Երիցյանը, ով հանդիսանում է Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո բացակայել է իրավական հանձնաժողովի 7 նիստերից 6-ից, իսկ Երևան քաղաքի ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից 4-ից», իսկ օրենքի համաձայն, «ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի կեսից»:
Նշվում է, որ Երիցյանի կողմից իր բացակայությունների վերաբերյալ որևէ բացատրություն հանձնաժողովի նախագահին կամ հանձնաժողովին չի ներկայացվել:
Երիցյանն իր հերթին պնդում է, թե սա հակաօրինական է ու իր հետ քաղաքական հաշվեհարդար են տեսնում։
Մանդատներից զրկել են նաև «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամներ Անուշ Գինոսյանին ու Անուշ Խուդավերդյանին։
Խմբակցության նախկին անդամներին մանդատից զրկելու նախաձեռնությունը հենց «Հանրային ձայն»-ինն է։ Խմբակցությանը պատճառաբանում է, թե ընդդիմադիրները բացակայել են ավագանու ու հանձնաժողովների նիստերից։
«Հանրային ձայնն» ավագանի ընտրվեց որպես ընդդիմություն, իսկ այժմ ժամանակ առ ժամանակ սատարում է իշխանությանը։ Խուդավերդյանն ու Գինոսյանն ամիսներ առաջ լքեցին թիմն ու դրանից հետո չեն մասնակցել հանձնաժողովների նիստերին՝ պնդելով, որ իրենց զրկել են կարծիքի ու քվեարկելու իրավունքից։
«Ազգային առաջընթացը» գլխավորում էր Հայկ Մարությանը, սակայն այս տարվա փետրվարին իշխանական խմբակցություններն արտահերթ նիստում «Հանրային ձայն»-ի օգնությամբ մանդատից զրկեցին Հայկ Մարությանին: Մարությանից հետո Երիցյանն էր ֆրակցիայի ղեկավարը։