AM
10 September 2024 - 12:21 AMT

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ՀՀ ՍԴ

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին հավանություն է տվել Հայաստանի կառավարությունն, ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ:

Նա նշել է, որ սահմանազատման գործընթացում էական տեղաշարժ կա, հայտնում է «Ազատությունը»։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ քննարկումների ընթացքում Կառավարության ներկայացուցիչը փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը կլինի:

Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման:

Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկակական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։

Կանոնակարգը սահմանված ժամկետից երկու ամիս ուշ ստորագրվեց, տեքստը հրապարակվեց մի քանի օր հետո: Գործադիրը պարզաբանել էր, թե բովանդակության գաղտնազերծման ուշացումը կապված է նաև Ադրբեջանի հետ գործընթացը հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ:

Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։