AM
10 September 2024 - 13:03 AMT

Ռուբինյան․ ՀՀ-ն ու Թուրքիան կարող են լուծել բոլոր խնդիրները, եթե թուրքական իշխանությունը քաղաքական կամք դրսևորի

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են լուծել բոլոր խնդիրները և լիովին կարգավորել հարաբերությունները նույնիսկ վաղը, եթե թուրքական իշխանությունը քաղաքական կամք դրսևորի։ Նա այդ մասին ասել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի ժամանակ։

Նա նշել է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել բացել սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ, հայտնում է Aysor.am-ը։

«Իրականում, Հայաստանի բոլոր կառավարությունները 1991 թվականից՝ մեր երկրի անկախացումից ի վեր, երբևէ պատմությունը չեն դրել Թուրքիայի հետ բանակցային գործընթացի մեջ, մենք միշտ պատրաստ ենք եղել բացել սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Եվ եթե մեր թուրք հարևանները քաղաքական կամք դրսևորեն, ապա կարող ենք լիովին կարգավորել հարաբերությունները նույնիսկ վաղը»,- ասել է նա։

Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: