«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն առաջիկա մեծ հավաքից առաջ հանդիպել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։
Նշվում է նաև, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինի գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս չի եղել:
«Սրբազան պայքարի` 2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների հետ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախատեսում է մեծ հավաք անցկացնել սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահամերգային համալիրում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ապրիլին Տավուշից մեկնարկած սահմանազատման առնչությամբ հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Դրան հաջորդեցին բողոքի ակցիաները, երթերը Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում, որոնց ինտենսիվությունը նվազեց հունիսի 12–ին ԱԺ–ի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից հետո, երբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց և 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, վնասվածքներ ստացան։ Ամռան ընթացքում տարբեր քաղուժերի և մարզերում հանդիպումների ժամանակ Բագրատ սրբազանը խոստացել է սեպտեմբերին ավելի ակտիվ քաղաքական պայքար սկսել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։