Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության՝ Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը սեպտեմբերի 23-ին կայցելի Երևան: Այդ մասին Կառավարության նիստում հայտնել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նա մանրամասնել է, որ այցի շրջանակներում կստորագրվի Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրին կից աշխատակարգ-համաձայնագիրը։
Արդարադատության նախարի խոսքով՝ աշխատակարգ-միջազգային պայմանագիրը կստորագրեն ՀՀ գլխավոր դատախազը և Եվրաջասթի նախագահը։ Կառավարության նիստում էլ քննարկվել է համաձայնագրին կից աշխատակարգը, հայտնում է Factor.am-ը։
«Համաձայնագրին կից աշխատակարգը հնարավորություն է տալու համագործակցության հարցերով դատախազի ներկայացվածությանը, նրա գործունեության շրջանակին, մասնավորապես՝ Եվրաջասթի կոլեգիայի լիագումար նիստերի, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին, իրազեկման միջոցառումներին և ծրագրերին մասնակցության հետ կապված հարցերի կարգավորում ապահովել»,- ընդգծել է Մինասյանը։
ԱԺ-ն օրերս ընդունել է Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև դատական համագործակցության մասին համաձայնագիրը, որի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը: