AM
13 September 2024 - 08:11 AMT

Արցախի թեմն մկրտության և պսակադրության վկայականներ կտրամադրի արցախցիներին

Արցախի թեմն արցախցիներին կտրամադրի մկրտության և պսակադրության վկայականներ: Այդ մասին ասել է Արցախի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանն Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում։

«Պարտադիր է մեզ համար, որ այն արցախցին, ով մկրտվել է ու պսակադրվել սուրբ եկեղեցու կանոններով, անպայման ստանա այդ վկայականները»,- ասել է Վրթանես Սրբազանը։

Նա նշել է, որ թեմն, անշուշտ, լիարժեք չի կարող գործել, սակայն, հանդիպումներ են անցկացվում արցախցիների հետ Երևանում և տարբեր մարզերում, արձանագրվում են կարիքները։

Նա նշել է, որ Արցախը շատ հարուստ էր քրիստոնեական ժառանգությամբ, այդպիսի գյուղ չկար, որտեղ կամ որի մոտակայքում եկեղեցի չլիներ՝ 400–ից ավելի գործող եկեղեցի և 60–ից ավելի վանք կար։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։