ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեսյբուքյան իր էջում, անդրադառնալով 2023–ի սեպտեմբերի 13-14–ի ադրբեջանական հարձակումներին, գրել է, որ իշխանությունների զիջողական քաղաքականության հիմքում նաև ՀՀ դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ծանր հետևանքներն են։
Նա նշել է, որ այդ օրերի ադրբեջանական հարձակման ուղղությունները պատահական չէին:
«2 տարի առաջ այս օրը, Ադրբեջանը հարձակման անցավ Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր ուղղություններով, որի հետևանքով մեր երկրի մի շարք մարտավարական, ռազմավարական հատվածներ, բարձունքներ հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության տակ:
Սրանով Ադրբեջանը ոչ միայն մեծ առավելության հասավ ռազմական առումով, այլ հնարավորություն ստացավ բանակցային գործընթացում հանդես գալ լրիվ այլ` իր համար շահեկան դիրքերից:
Ադրբեջանական հարձակման ուղղությունները պատահական չէին. դրանով նրանք հնարավորություն ստացան ոչ միայն առավել բարենպաստ հատվածներում արդյունավետ պաշտպանական կառույցներ տեղակայելու, ՀՀ կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն ստանալ, այլ հնարավոր հարձակվողական գործողությունների դեպքում, մեկնարկային խոշոր հնարավորություններ ստանալ:
Այդ հարձակման հետևանքով Հայաստանը 200–ից ավելի զոհ ունեցավ:
Հայաստանի իշխանության զիջողական, պարտվողական քաղաքականության հիմքում նաև ադրբեջանական այդ ագրեսիայի ծանր հետևանքներն են»,–ասվում է գրառման մեջ։
2022 թվականի սեպտեմբեր 13-14-ի ռազմական ագրեսիայի հետանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 207 զոհ, ավելի քան 20 գերեվարված և 293 վիրավոր։ Հակառակորդը դիրքային առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Ջերմուկի, Վարդենիսի ուղղությամբ։ Այդ տարածքների օկուպացված են առ այսօր։ Պաշտոնական տվյալներով ՀՀ տարածքից ներկա պահին օկուպացված է 208 քառակուսի կիլոմետր տարածք։