Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Երևանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպման շրջանակում քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցերը:
Առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և կրթության ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են փոխվարչապետերին կատարված աշխատանքները:
«Վստահ եմ, որ այսօրվա հանդիպման ընթացքում մենք կմշակենք գործնական համատեղ քայլեր, որոնց իրականացումը կապահովի մեր երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա ամրապնդումը»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին ՌԴ պատվիրակությանը ցուցաբերած ավանդական հյուրընկալության, կառուցողական տրամադրվածության և բարեկամական միջավայրի համար:
Հանդիպման արդյունքներով միջկառավարական հանձնաժողովի համանախագահները պայմանավորվել են առաջիկայում հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների: