AM
16 September 2024 - 06:32 AMT

Սեժուրնե․ Ֆրանսիան կշարունակի գործակցել ՀՀ հետ պաշտպանության բնագավառում

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Փարիզը շարունակելու է պաշտպանության բնագավառում Երևանի հետ գործակցությունը։

«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը և բնակչությունը։ Երկու երկրի պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ տարածաշրջանում իրավիճակի սրմանը, նման մտադրություններ ոչ ոք չունի»,– նշել է Սեժուրնեն, հայտնում է Sputnik Արմենիան։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության այցը սեպտեմբերի 15-ին մեկնարկել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցով։ Սեժուրնեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Սեժուրնեն եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։

Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։