AM
16 September 2024 - 09:56 AMT

Սեժուրնեն՝ Փաշինյանին․ Ֆրանսիան ՀՀ կողքին է և շարունակելու է իր աջակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ողջունել է նրանց այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում՝ անվտանգության ու տնտեսության ոլորտներում:

Ստեֆան Սեժուրնեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես շեշտել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացման կարևորությունն անվտանգության ու տնտեսության բնագավառներում:

«Ֆրանսիան Հայաստանի կողքին է և շարունակելու է իր աջակցությունը հայ ժողովրդին, մենք նաև բոլոր ջանքերը գործադրել ենք, որպեսզի ամրապնդվեն հարաբերությունները մեր երկու ժողովուրդների միջև»,- նշել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը:

Վարչապետն ընդգծել է նաև ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի պատրաստակամությունը:

«Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել և ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, և այս ճանապարհին, իհարկե, Ֆրանսիայի աջակցությունը մենք շատ բարձր ենք գնահատում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ փոխգործակցության շուրջ: Կողմերը կարևորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչպես նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանն աջակցելու որոշման ընդունումը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։