AM
16 September 2024 - 10:08 AMT

Արցախի ՄԻՊ․ Երեխաներին Հունգարիա ուղարկելիս հաշվի առեք՝ որ երկիր եք ուղարկում

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով սոցցանցերում հնչող մտահոգություններին արցախցի երեխաներին Հունգարիա հանգստի ուղարկել վերաբերյալ, գրել է, որ երեխաներին Հունգարիա ուղարկելու որոշման ժամանակ ծնողները պետք է հաշվի առնեն, թե որ երկիր են ուղարկում։

Նա նշել է նաև, որ այդ երկրի կողմից արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելն ուղղակի երեսպաշտություն է և էժանագին «հումանիտար ժեստ»։

«Այս հարցին չէի անդրադառնա, քանի որ կարծում եմ, որ երեխայի լավագույն շահի որոշման հարցում, այնուամենայնիվ ծնողի կարծիքը առաջնային է, բայց քանի որ Tigran Kocharyanը այս հարցի հետ կապված ինձնից հրապարակային դիրքորոշում և գործողություն է ակնկալում, ապա կարտահայտեմ իմ կարծիքը հույսով, որ ծնողների որոշումների վրա որևէ կերպ այն կազդի։

Ուրեմն, տեղյակ եք երևի, որ Հունգարիայի կառավարության հետ համագործակցության շրջանակներում Արցախից տեղահանված մոտ 120 երեխա մեկնել է Հունգարիա մասնակցելու ամառային ճամբարի, և ըստ տարածված տեղեկությունների՝ ևս 1000 երեխաներ պետք է գնան։

Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։

Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։

Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն։

Ես լավ հիշում եմ Հունգարիայի ներկայացուցչի ընդգծված պրոադրբեջանական ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, երբ քննարկվում էր շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար վիճակը։

Այսքանից հետո արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելն ուղղակի երեսպաշտություն է և էժանագին «հումանիտար ժեստ», որին պետք չէ տրվել։

Սիրելի՛ ծնողներ, ես, իհարկե, ձեր փոխարեն չեմ կարող որոշել և չեմ էլ հավակնում որոշել, բայց երեխաներին Հունգարիա ուղարկելու ձեր որոշման ժամանակ հաշվի առեք, թե որ երկիր եք ուղարկում»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։