Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան»,– նշել են գերատեսչությունից։
Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 31-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրել է հանցակազմի բացակայության հիմքով։
Ըստ մեղադրանքի` Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15,391, 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489,160,310 դրամ: