Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ, խոսելով անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու մասին, անդրադարձել է նաև անվտանգային միջավայրին կարճաժամկետ և երկարաժամկետ առումով։
Անդրադառնալով Թուրքիային՝ նա նշել է, որ Անկարայում ընկալումների ոչ մեծ, բայց որոշակի փոփոխություն է նկատում։
«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա հետ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատենք և ցամաքային սահմանի բացում անենք։ Ես, ինձ մի պահ դնելով դիտորդի դերում, որը հետևում է Թուրքիայում ընթացող քննարկումներին, կասեմ, որ ոչ մեծ, բայց որոշակի ընկալումների ակնհայտ փոփոխություն է տեղի ունենում Թուրքիայում»,– նշել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ այդ հարցում մեծ նշանակություն ունեն ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, որոնք դեռ զգալի արդյունքներ չեն արձանագրել, սակայն կարևոր է, որ երկու երկրները գտնվում են հաղորդակցության մեջ։
Վարչապետը նշել է, որ Իրանի և Վրաստանի պարագայում հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են և այստեղ երկարաժամկետ հատվածում հակամարտության որևէ պոտենցիալ չկա։
Երևանն ու Անկարան 2021–ի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հայաստանը 2023–ի փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա և մարդասիրական օգնության երկու խմբաքանակ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023–ի հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: