Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի և արտաքին առևտրի փոխնախարար Զորան Դիմիտրովսկին, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման շուրջ պայմանագրի ստորագրման հավանականությունից, հույս է հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը կհասկանա և ի վերջո կստորագրի խաղաղության պայմանագիրը:
Նա ընդգծել է, որ լավ խաղաղության համաձայնությունն այն է, երբ երկու կողմերն էլ գոհ են դրանից։ Մակեդոնացի պաշտոնյան նման տեսակետ է հնչեցրել «Երևանյան երկխոսություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակներում տված հարցազրույցում, հայտնում է Արմենպրեսը։
Նրա դիտարկմամբ՝ բոլորին հայտնի է, որ ինչպես Բալկաններն, այնպես էլ Կովկասը տարածաշրջաններ են, որոնք վերջին դարերում շատ էթնիկական լարվածություններ են ունեցել: Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային հարթակում ու աշխարհաքաղաքականության մեջ, միշտ էլ իր դրսևորումներն է ունենում Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Կովկասում. սրանք այն երեք թեժ կետերն են, որտեղ պատերազմներն ընթանում են։ Դիմիտրովսկու բնորոշմամբ՝ դա տեղի է ունենում, քանի որ տարածաշրջաններում ապրող մարդիկ ունեն տարբեր կրոններ, տարբեր էթնիկ ծագումնաբանություն, իսկ համաշխարհային տերություններն ունեն իրենց շահերը:
«Մենք հույս ունենք, որ այս ամենը կմնա պատմության մեջ, ու այս տարածաշրջաններն՝ առաջին հերթին Բալկանները, Հարավային Կովկասը, Հայաստանը, Վրաստանը, կդառնան խաղաղ, Եվրամիության անդամ կդառնան: Որքան հնարավոր է շուտ մենք պետք է մուտք գործենք Եվրամիություն, դառնանք կառույցի լիիրավ անդամ, որպեսզի մեր ժողովուրդները տնտեսական բարգավաճում ունենան։
Եվրամիության ընդլայնման խնդիրն անվտանգության խնդիր է։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, թե ինչպես է պատերազմ ընթանում. դա ռուսական դաժան ագրեսիա է։ Իսկ Բրյուսելում կենտրոնացում կա. կարծում են՝ լավ, մենք պետք է ընդլայնենք Եվրամիությունը, որպեսզի ապահովություն զգանք: Նաև ես մտավախություն ունեմ, որ եթե պատերազմն ավարտվի, ապա եվրոպական ուշադրությունն այդքան էլ մեծ չի լինի Կովկասի և Արևմտյան Բալկանների վրա։ Այսպիսով, մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունների պատուհանը և Եվրոպայում մեր ընկերներին ուղերձ հղենք, որ վաղուց ժամանակն է՝ նրանք հասկանան, որ այս տարածաշրջաններն անվտանգության, ինչպես նաև տնտեսական բարգավաճման տեսանկյունից կարևոր են Եվրոպայի համար», – մանրամասնել է Դիմիտրովսկին։
Նա շեշտել է, որ եթե այս տարածաշրջաններում տնտեսական բարգավաճում չլինի, ապա շատ մարդիկ կգնան Եվրոպա՝ որպես ներգաղթյալներ, ինչը կհանգեցնի ճգնաժամային իրավիճակի։ Հաշվի առնելով այս ամենը, Զորան Դիմիտրովսկին կարծում է, որ որքան հնարավոր է շուտ այս տարածաշրջանները պետք է դառնան Եվրոպայի լիիրավ անդամներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա նշել է, որ առաջարկն ադրբեջանական կողմին է ուղարկվել օգոստոսի 30–ին, և, թերևս, այնտեղ դեռ չեն հասցրել ծանոթանալ դրան։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։