ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում, անդրադառնալով ապաշրջափակման հարցին, ասել է, որ ճանապարհները պետք է գործեն ՀՀ ինքնիշխանության, իրավազորության ներքո։
«Վերջին շրջանում, երբ խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների մասին, Ադրբեջանի արձագանքն այն էր, որ՝ շատ լավ, ՀՀ-ն չի ուզում, մենք Իրանի տարածքով կիրականացնենք այդ նախագծերը: Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ ՀՀ-ն պատրաստ է նույն պայմաններով անցում տալ Ադրբեջանին, ինչ Իրանը»,–ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»։
Նա հավելել է, որ Սյունիքով, Տավուշով, Գեղարքունիքով, Վայոց ձորով, Շիրակով. մենք բոլոր հնարավոր տեղերով մեր ճանապարհները կարող ենք տրամադրել։
«Ի՞նչ սկզբունքով. ճանապարհները պետք է գործեն առանց շրջանցելու կամ առանց վնասելու կամ առանց ստորադասելու ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը ՀՀ միջով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելու մեր պատրաստակամության մասին է»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովում հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին։ Նա հավելել է, որ փորձ է արվում ներկայացնել, թե եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր՝ նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ։
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Իրանը ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։
Սեպտեմբերի 11–ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն կոչ է անում որքան հնարավոր է շուտ վերսկսել ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ խմբի աշխատանքը՝ նշելով, թե ապաշրջափակման հարցը վաղուց կարելի էր լուծել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։