Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից ստեղծվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ։ Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի նախագահը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն է։
Խորհուրդը զբաղվելու է Կառավարության կողմից ԼՂ բռնի տեղահանված հայերին վերաբերվող նախագծերը, որոշումները քննարկելու, նրանց կարծիքները և մոտեցումները պարզելու, որոշումներն ավելի թիրախավորված և կարիքահենք դարձնելու հարցերով։ Ինչպես նաև Կառավարության ծրագրերը խորհրդի անդամների միջոցով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած ազգաբնակչությանն իրազեկելու և ճիշտ ուղղորդելու նպատակով։
Խորհրդի անդամների միջոցով կհավաքագրվեն նաև ԼՂ բռնի տեղահանվածներին հուզող խնդիրները, հարցերը, որոնք կընդգրկվեն Խորհուրդի նիստերի օրակարգում և լուծումներ կգտնեն։
Խորհրդի կազմում ընդգրկվել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը և ԼՂ բռնի տեղահանված այն հայերը, որոնց առաջադրել են Երևանի քաղաքապետը և ՀՀ մարզպետները՝ ՀՀ համայնքապետերի հետ սերտ համագործակցությամբ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։