Սեպտեմբերի 19–ին լրանում է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի հայաթափման մեկ տարին։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը և Արցախի ԱԺ պատգամավորներն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։
Ժամը 13:00-ին, Երևանի Կոմիտասի փողոցի Սուրբ Խաչ եկեղեցում (Կոմիտասի 64) կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ 2023-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով նահատակվածների ու վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան:
Ադրբեջանը հայտարարեց, թե Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» է սկսկում, «վերականգնելու համար Ադրբեջանի սահմանադրական կարգը»՝ հավելելով, որ իր գործողությունների մասին տեղեկացրել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը։
Այդ օրերին ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 հոգի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Սեպտեմբերի 28-ին Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որում նշվում էր, որ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի գոյությունը, մինչև հաջորդ տարեսկիզբ կլուծարվեն պետական բոլոր կառույցները։