Տավուշում և Լոռիում հեղեղումներից վնասված տրանսպորտային միջոցների սեփականատերերի վնասները կփոխհատուցվեն: Հարցն ընդգրկված էր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում։
Կառավարությունը նախատեսում է հատկացնել 122,380,000 դրամ։
Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները։ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցել 31,240,000 դրամ թվով 30 տրանսպորտային միջոցի համար, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմին 91,139,000 դրամ 161 տրանսպորտային միջոցի համար։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց պատճառված առաջնային, կենսական նշանակության վնասի փոխհատուցումը։
Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։