Հասարակական գործիչ, ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն ազատ է արձակվել մեկ տարվա ազատազրկումից հետո։ Նա ամբողջությամբ կրել է դատարանի սահմանած պատիժը՝ ատելության քարոզի մեղադրանքով։
«Ձերբակալությանս փաստաթղթերն եղան սեպտեմբերի 21-ով; Անկախության տոնն ինձ համար նոր իմաստ ձեռք բերեց: Երբ որ ես ապօրինի ձերբակալվեցի, սկզբից ԱԱԾ-ում պահեցին, ձերբակալության օրը Արցախը մերն էր, հիմա դուրս եմ գալիս, զգացողություն է՝ կարծես նոր ապրեմ այդ կորուստը: Իրականում բանտը բավական հետաքրքիր տեղ է մտորումների, ինքնամփոփման: Բանտը փոխել է ինձ դեպի ավելի լավը, սիրունացել եմ (խմբ. կատակում է): Բոլորը սիրունացած են դուրս գալիս այնտեղից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մալյանը:
Ըստ նրա՝ բավական լուրջ իրադարձություններ են սպասվում տարածաշրջանում, նաև երկրում՝ կապված Վրաստանի ընտրությունների հետ, գրում է «Առավոտը»։
«Գիրքս եմ ավարտել՝ օտարերկրյա գործակալական ցանցի դեմ արդյունավետ պայքարի մեթոդաբանական գիրքն է, որի շնորհանդեսն է լինելու շուտով: Հիմա բավական լուրջ իրադարձություններ են սպասվում տարածաշրջանում, մասնավորապես՝ մեր երկրում՝ կապված Վրաստանի ընտրությունների հետ: Վերջնականապես այս տարածաշրջանից արևմտյան գործակալական ցանցի դուրս մղման գործընթացն է գնում…բավական լայն և ռեալ հնարավորությունների դուռ է բացվում դավաճան իշխանություններից իրականում ազատվելու համար մոտակա մեկ ամսվա ընթացքում: Այս իշխանությունների աղբյուրը ժողովուրդը չէ, արտաքին ուժերն են: Մոտակա մեկ ու կես ամսվա ընթացքում մենք կտեսնենք, թե որ արտաքին ուժը իր վրա կվերցնի պատասխանատվություն այս իշխանությունների դավաճանության, ապօրինությունների համար», ասել է նա։ :
Մալյանը կալանավորվել էր 2023թ․ սեպտեմբերի 20-ին։ Մեղադրվում էր ատելության, խտրականության, թշնամանքի և անհանդուրժողականության գործով։
Ավելի վաղ նա ձերբակալվել էր և հետո արդարացվել «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար։