AM
19 September 2024 - 11:45 AMT

Ֆրանսիայի դեսպան․ ԼՂ հայերի վերադարձի իրավունքն ամրագրել է Արդարադատության միջազգային դատարանը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և դրան հաջորդած հայաթափման տարելիցին, նշել է, որ ԼՂ հայերի վերադարձի իրավունքն ամրագրել է Արդարադատության միջազգային դատարանը։ Նա այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

«Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը ինը ամիս շրջափակումից հետո դաժան հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որը հանգեցրեց հայերի բռնի տեղահանության։ Նրանց վերադարձի իրավունքն ամրագրել է Արդարադատության միջազգային դատարանը»,–ասվում է գրառման մեջ։

Արդարադատության միջազգային դատարանի 2023–ի նոյեմբերի 17-ի որոշմամբ դատարանը պարտադրել է Ադրբեջանին՝ ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, և ովքեր ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, ինչպես նաև «պաշտպանել և պահպանել գրանցամատյանները, անձը հաստատող և մասնավոր սեփականությանն առնչվող փաստաթղթերը և գրառումները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց և պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերը և գրառումները իր վարչական և օրենսդրական պրակտիկայում»:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։