Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ու նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Արցախի հայաթափումից մեկ տարի անց հայցով դիմել են Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ Արցախում Ադրբեջանի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունների համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բեգլարյանը։
Նրանց ներկայացնում են միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան։
«Թուֆենկյան հիմնադրամի և «Արցախի աջակցության միության» համագործակցությամբ՝ միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան ներկայացնում են Արտակ Բեգլարյանին և Գեղամ Ստեփանյանին: Նրանք զբաղեցրել են Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը և եղել են իրենց հայրենիքից տեղահանված ավելի քան 100,000 մարդկանց մեջ:
Հայցի մեջ ընդգծվում է, որ նրանք ստիպված էին տառապել սննդի և առողջապահական օգնության բացակայությունից, որը հարուցվել էր 2022թ. դեկտեմբերին սկսած Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակման հետևանքով: Դրան հաջորդեց Ադրբեջանի զինված ուժերի հանկարծակի ագրեսիան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և բնակչության բռնի տեղահանությունը:
Մի խումբ այլ ղեկավարներ և բնակիչներ, որոնք չկարողացան դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, ձերբակալվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից և պահվում են անազատության մեջ: Նրանք ենթարկվում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև զրկված են ընտանիքների ու փաստաբանների հետ պատշաճ հաղորդակցության հնարավորությունից:
Ֆրանսուա Զիմերեյի և Կատալինա դե լա Սոտայի կարծիքով՝ «Ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ բնակչության՝ իրենց հայրենիքից ու տներից բռնի զրկման փաստը: Աշխարհը պետք է մերժի այս վայրագությունը, որը մեր ներկայացրած հայցի նպատակն է»,–ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ հայցը ներկայացվել է որպես «հաղորդում»՝ համաձայն Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածի, որը հնարավորություն է տալիս դատախազին հետաքննություն սկսել ներկայացված տեղեկությունների հիման վրա:
«Փաստաբանների խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությունն ունի մարդկության դեմ հանցագործության բոլոր հատկանիշները: Այն եղել է անձանց բռնի տեղահանում նրանց օրինական բնակության վայրից՝ որպես լայնամասշտաբ ոտնձգություն քաղաքացիական բնակչության դեմ՝ ամբողջովին գիտակցելով դրա հետևանքները: Բոլոր պայմաններն առկա են, որ այդ հանցագործությունների պատասխանատուները արդարադատության ենթարկվեն միջազգային քրեական իրավունքի շրջանակներում»,–ասվում է գրառման մեջ։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և դրան հաջորդած հայաթափման տարելիցին, նշել է, որ ԼՂ հայերի վերադարձի իրավունքն ամրագրել է Արդարադատության միջազգային դատարանը։
Արդարադատության միջազգային դատարանի 2023–ի նոյեմբերի 17-ի որոշմամբ դատարանը պարտադրել է Ադրբեջանին՝ ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, և ովքեր ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն, ինչպես նաև «պաշտպանել և պահպանել գրանցամատյանները, անձը հաստատող և մասնավոր սեփականությանն առնչվող փաստաթղթերը և գրառումները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց և պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերը և գրառումները իր վարչական և օրենսդրական պրակտիկայում»: