Ազգային–ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ) դադարեցնում է հետագա համագործակցությունը «Սրբազան պայքար» շարժման հետ: Այդ մասին հայտարարություն է տարածել ԱԺԲ խորհուրդը:
Նշվում է, որ Բևեռի առաջարկներն անտեսվել են, բազմիցս չեն օգտագործվել ակնհայտ հնարավորությունները, իսկ վերջերս ի հայտ են եկել շարժման որոշակի անընդունելի դրսևորումներ։
«Ի տես Հայաստանի անկախության և ինքնիշխանության կորստի գոյութենական սպառնալիքների, որոնք սպառնում են մեր երկիրը վերածելու թուրք-ադրբեջանական տարանցիկ գոտու, և ի տես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած հակասահմանադրական, ապազգային, պարտվողական և հակաժողովրդավարական քաղաքականության, որը հանգեցրել է հասարակության քաղաքական պառակտման և կաթվածահարության, Ազգային-ժողովրդավարական բևեռը, գիտակցելով մեր ժողովրդի համախմբման հնարավորությունը, որոշել էր աջակցել հայրենիքում սկսված Սրբազան շարժմանը հետևյալ նպատակներով․
1.Հայաստանում սահմանադրականության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի ներքաղաքական կյանքի առողջացման նպատակով տարբեր քաղաքական հոսանքների միջև ստեղծել երկխոսության մթնոլորտ
2.միավորվել վերկուսակցական ձևաչափով, համախմբել ժողովրդին, հեռացնել աղետաբեր չարիք դարձած Նիկոլ Փաշինյանին և կազմավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն
3.կազմել և իրագործել հակաճգնաժամային անցումային ծրագիր` կանխելով մեր երկրի Արևմտյան Ադրբեջան դառնալու վտանգը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելով երկրի պաշտպանությունը կազմակերպելու ուղղությամբ
4.միջազգային իրավունքի հիման վրա ապահովել Արցախի հիմնախնդրի արդարացի լուծումը և միջազգային ներկայությամբ Արցախի հայության անվտանգ վերադարձը:
Մայիսի 9-ի Հանրապետության լեփ-լեցուն հրապարակը վկայեց, որ Բևեռը ճիշտ էր ժողովրդի համախմբման հնարավորության իր գնահատականներում և գործողությունների մեջ՝ աջակցելով Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը։ Հավատարիմ մնալով վերոհիշյալ սկզբունքներին՝ Բևեռը հետևողականորեն և շարունակաբար խոսքով ու գործերով աջակցել է այս համախմբմանը և ամառային ամիսների ընթացքում հանդես է եկել շարժման կազմակերպական ուժեղացման, երկրի ներսում նրա ընկալելիությունը բարելավելու, իսկ երկրից դուրս միջազգային համայնքի կողմից նպաստավոր դիրքորոշումը ապահովելուն ուղղված առաջարկություններով։
Ցավով պետք է արձանագրենք, որ չնայած մեր բոլոր ջանքերին՝ մեր առաջարկներն անտեսվեցին, բազմիցս չօգտագործվեցին ակնհայտ հնարավորությունները, իսկ վերջերս ի հայտ եկան շարժման որոշակի անընդունելի դրսևորումներ։ Հաշվի առնելով նկարագրվածը՝ այսուհետև նպատակահարմար չենք համարում Բևեռի հետագա համագործակցությունը Սրբազան շարժմանը»,–ասվում է հայտարարության մեջ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, որը հետագայում սկսեց կոչվել Սրբազան շարժում, ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ապրիլին Տավուշից մեկնարկած սահմանազատման առնչությամբ հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Դրան հաջորդեցին բողոքի ակցիաները, երթերը Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում, որոնց ինտենսիվությունը նվազեց հունիսի 12–ին ԱԺ–ի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից հետո, երբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց և 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, վնասվածքներ ստացան։ Ամռան ընթացքում տարբեր քաղուժերի և մարզերում հանդիպումների ժամանակ Բագրատ սրբազանը խոստացել է սեպտեմբերին ավելի ակտիվ քաղաքական պայքար սկսել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։