AM
21 September 2024 - 10:38 AMT

Բագրատ սրբազան․ Ընդհանուր շարժում է, ԱԺԲ–ն որ պահին ուզի՝ կմիանա

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ԱԺԲ հայտարարությունը, ասել է, որ շարժումն ընդհանուր է՝ որ պահին կուզեն, կմիանան և կհեռանան։

ԱԺԲ–ն հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում հետագա համագործակցությունը շարժման հետ, քանի որ ի հայտ են եկել շարժման որոշակի անընդունելի դրսևորումներ։

Սրբազանի խոսքով՝ ԱԺԲ-ի հետ որևէ խնդիր չեն ունեցել, շարժումից հեռանալու մասին էլ քննարկում չի եղել, պարզապես հայտարարություն են արել, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մեր պայքարի գույներից մեկը պակասեց այս պահին, բայց ես վստահ եմ, որ իրենք ճիշտ կգնահատեն այս պայքարի կամ շարժման բովանդակությունը»,- նշել է Բագրատ սրբազանը։

Նա հավելել է, որ գնահատում է միասին անցած ճանապարհը, և հիշեցրել՝ սա ընդհանրական շարժում է, բոլորի պայքարն է մեկ դրոշի՝ ՀՀ եռագույնի ներքո։

Սեպտեմբերի 22–ին` ժամը 14։30–ին, «Սրբազան պայքար» շարժումը հավաք է անցկացնելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։