AM
23 September 2024 - 08:54 AMT

ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուընկալել է ԵՄ երկրների դեսպաններին։ Կոմիտեի նախագահը և ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետի տարածքում, հայտնում է ՊԵԿ–ը։

Շրջայցի ընթացքում ներկայացվել են անցակետի ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունները։ Հյուրերը շրջել են Մարգարայի անցակետի սպասարկման սրահում, ծանոթացել են կառուցված խորը զննման անգարին, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներին, պահեստին, ավտոկայանատեղիներին և բարեկարգված հրապարակին, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներին, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով և կառուցված միջազգային չափանիշներին համահունչ:

Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսվում է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։

Միաժամանակ, այցի ընթացքում ներկայացվել են մաքսային բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առևտրի դյուրինացումը, թվայնացումը և ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները:

ԵՄ դեսպանները, կարևորելով ԵՄ-ՊԵԿ համագործակցությունը և ներդրված համատեղ ջանքերը, գոհունակություն են հայտնել անցակետում կատարված աշխատանքներից։

Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: