AM
23 September 2024 - 14:08 AMT

Անդորրայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի գլխավորած պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 23-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Կառլես Էնսենյատ Ռեիգը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կառլես Էնսենյատ Ռեիգիի հետ հանդիպմանն առաջարկել է նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջև ինստիտուցիոնալ համագործակցության զարգացում, մասնավորապես՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև ակտիվ կապի հաստատում, ինչպես նաև գործուն քայլեր ձեռնարկել զբոսաշրջության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարն Անդորրայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, խոսել դրա կարեւորության մասին ու վերահաստատել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ՀՀ հաստատակամությունը: