AM
23 September 2024 - 14:22 AMT

ԱԺ նախագահի այցը Կանադա հետաձգվել է՝ պայմանավորված այդ երկրում «ներքաղաքական լարվածությամբ»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Կանադա հետաձգվել է՝ պայմանավորված այդ երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

«Կանադական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահ Գրեգ Ֆերգյուսի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, որի ժամանակ Գրեգ Ֆերգուսը խնդրել է այցի ժամկետները հետաձգել՝ մինչև երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը, ինչին էլ ի պատասխան Ալեն Սիմոնյանը տվել է իր համաձայնությունը՝ հաշվի առնելով ներկայացված իրավիճակը։

Այցի հետաձգման հետ կապված մնացած շրջանառվող վարկածները սուտ են ու իրականության հետ որևէ աղերս չունեն»,–ասվում է գրառման մեջ։

Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում ևս արձագանքել է Կանադա այցի չեղարկման մասին մամուլի հրապարակումներին։

«Մեր Աստծո պարգև ընդդիմությունն իր ԶԼՄ-ներով հիմա էլ ներշնչանքով է զբաղված, թե իբր ՀՀ ԱԺ նախագահի այցը Կանադա հետաձգվել է այն պատճառով, որ իմ ղեկավարած պատվիրակության կազմում ընդդիմադիր պատգամավոր չկա: Մարդ այդքան անլուրջ ու ծիծաղելի չպետք է լինի էլի, որքան դուք եք: Լավ է՝ չեն ասում Կանադայում ներաքաղաքական ճգնաժամն էլ են իրենք առաջացրել, որի պատճառով հիմա Կանադայում նոր ընտրությունների են պատրաստվում:

Կանադայի այցը չեղարկելը որոշել եմ ես, միայն ես՝ քննարկելով իմ կանադացի գործընկերոջ հետ, որպեսզի նախընտրական անսպասելի սկսված պրոցեսներն անհնարին չդարձնեն նախատեսված հանդիպումների մի մասը: Պատվիրակության կազմը, ինձ եկած հրավերի, որոշում եմ ես»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Yerevan.Today-ը գրել էր, որ այցի հետաձգման այլ պատճառներ կան՝ պատվիրակության կազմը միայն ՔՊ անդամներով համալրելը խնդիրներ է առաջացրել Կանադայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպելու առումով։ Ըստ պարբերականի՝ կա ևս մեկ պատճառ՝ Սիմոնյանի գլխվորած պատվիրակությանը հրաժարվել են ընդունել Կանադայի հայ համայնքի տարբեր շրջանակներ։