AM
23 September 2024 - 14:36 AMT

Սևանում լողասեզոնը փակվել է․ Ջրային պարեկները 29 հանցագործություն են բացահայտել

Սևանա լճում լողասեզոնը փակվել է․ ջրային պարեկային ծառայությունը լողասեզոնի ընթացքում հանցագործության 29 դեպք է բացահայտել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Սևանա լճի ավազանում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված ծառայությունը։ Այն իրականացվում էր պարեկային մեքենաների, նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում։

«Դրոնով եռալեզու իրազեկում, մոտորանավակներով շրջայց, համակարգված և արդյունավետ աշխատանք. փրկարարների ու պարեկների համագործակցությունը ստացված է՝ ունենք դեպքերի կտրուկ անկում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հասարակական կարգն ու հանգստացողների անվտանգությունը բարձր պատասխանատվությամբ պահպանելու արդյունքում ուժեղացված ծառայության ընթացքում հանրային լողափերում մահացության դեպք չի գրանցվել: