AM
24 September 2024 - 07:28 AMT

Փաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը հանդիպել են ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովի շրջանակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հնդկաստանի վարչապետը։

Մոդին հանդիպումը հիանալի է անվանել։

«Հիանալի է ՄԱԿ Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին», – ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նա Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ է ունենալու նաև ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Նյու Յորք է մեկնել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հանդես կգա ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։