AM
24 September 2024 - 08:27 AMT

ՀՀ և Չերնոգորիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգը հարստացնելու հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Չերնոգորիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Իվանովիչը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև զարգանում է ակտիվ քաղաքական երկխոսություն և ընդգծել փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ քայլերով երկկողմ օրակարգը հարստացնել նոր ոլորտներով:

Այս համատեքստում մատնանշվել են հատկապես զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները, որոնց ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու նպատակով Հայաստանը և Մոնտենեգրոն ձևավորում են համապատասխան իրավապայմանագրային դաշտ:

Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են ԵՄ հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ընդգծելով ԵՄ հետ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների, վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսության և օրակարգային այլ հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նա Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ է ունենալու նաև ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Նյու Յորք է մեկնել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հանդես կգա ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։