AM
24 September 2024 - 09:07 AMT

ԱԳՆ․ Լիբանանում Իսրայելի հարվածներից զոհերի և վիրավորերի շրջանում հայերի մասին տվյալներ չկան

Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Aysor.am-ը։

Հարավային Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախների ուղղությամբ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածների զոհ է դարձել 492 մարդ, այդ թվում 35 երեխա, հայտնում է BBC-ն։

Ավելի քան 1600 մարդ վիրավորվել է:

Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ վերջին 24 ժամում խոցել են Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահի» 1300 օբյեկտ, որոնք տեղակայված են «գյուղերի սրտում, խաղաղ բնակիչների տներում»։

Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ–ի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալեվին հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները պատրաստվում են Լիբանանում իրենց գործողության հաջորդ փուլին։

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել Լիբանանի բնակիչներին լքել «վտանգավոր գոտիները»՝ հավելելով, թե գործողության ավարտից հետո նրանք կկարողանան վերադառնալ իրենց տները։

Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ է գումարում՝ Լիբանանում վիճակը քննարկելու նպատակով։

Անցած շաբաթ Լիբանանի ամբողջ տարածքում հազարավոր փեյջերներ են պայթել՝ դառնալով առնվազն 37 մարդու մահվան և հազարավորների վիրավորման պատճառ։ «Հեզբոլլահը» գրոհի համար մեղադրել է Իսրայելին, որը չի ընդունել իր մասնակցությունը կատարվածին։ Մինչ օրս պարզություն չկա, թե ինչպես է իրագործվել այդ լայնածավալ գործողությունը։